ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Կապիկների մոլորակը»...

«Կապիկների մոլորակը»...
27.06.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Եվրադատարանի որոշման մեջ տեսնում եմ նաև քաղաքական շարժառիթ,- երեկ «Իրավունք de facto» ակումբում ասաց «Մելտեքս» ՍՊԸ-ի նախագահ, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, մանրամասնելով, որ նշանակված ժամկետը համընկել էր Եվրախորհրդի ամառային նստաշրջանում Հայաստանի պարտավորություններին առնչվող 1609 բանաձևի քննարկման հետ։ Եվրադատարանի որոշումից պարոն Մովսիսյանը, բնականաբար, գոհ էր, քանի որ, ըստ նրա, «Ա1+»-ը վերջապես կարողացավ ապացուցել, որ իրավացի է իր «պահանջատիրության» մեջ։
Մեր իրականության մեջ տարածված սովորական իմիտացիոն սուտ որակելով արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում չկան ազատ կապուղիներ, «Ա1+»-ի տնօրենը փաստեց, թե մեկ նամակով կարելի է Ժնևից հայցել Հայաստանին հատկացված կապուղիների ողջ ցանկը և հեշտությամբ ապացուցել, որ 60 ալիքանոց մեծ դիապազոնի մեջ չի կարող չլինել ազատ կապուղի։ Բանախոսը նշեց նաև, որ կապի նախարարությունը հաճախ «խուճուճ» հայտարարություններ է անում, իբր բոլոր ազատ հաճախությունները պետական նշանակություն ունեն, և որևէ այլ հեռուստաընկերություն դրանցում տեղավորելը կխանգարի պետական կապին։ «Դա անհեթեթ և անգրագետ հայտարարություն է, որովհետև հեռուստատեսային հաճախությունները ոչ մի կապ չունեն ներքին կապի կամ ռադիոկապի հետ։ Իր անգրագիտությամբ մեր կապի նախկին նախարարն ապացուցեց, որ արժանի չէ նախարար կոչվելու և որևէ կապ չունի կապի հետ»,- հեգնեց Մեսրոպ Մովսիսյանը։
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Եվրադատարանի վճռի առնչությամբ արդարադատության փոխնախարարը հայտարարել էր, որ «Ա1+»-ին եթերից զրկելն օրենքի բացթողում էր, «Մելտեքս» ՍՊԸ-ի նախագահը հիշեց հին ասացվածքը` «Կարմիր կովն իր կաշին չի փոխի»։ Այս իշխանությունն ընտրել է անհասկանալի ուղղությամբ դեպի փակուղի տանելու ճանապարհը։ Շարունակելու են պնդել, որ սխալ օրենքներ են ընդունվել, որ հարկավոր է հիմնովին փոխել դրանք։ Այս ամենը գալիս է օրենքի առջև նրանց անճարությունից։ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը միգուցե ունի թերություններ, բայց գործող օրենք է, և խախտվել է գործո´ղ օրենքը։ Այս պարագայում ոչ թե օրենքներն են պետք փոխել, այլ ուղեղները»։ Հայաստանում տիրող վիճակը Մեսրոպ Մովսիսյանը համեմատեց «Կապիկների մոլորակը» ֆանտաստիկ ֆիլմի հետ, որտեղ մարդկանց փոխարեն կառավարում են շիմպանզեները` առաջնորդվելով ոչ թե ուղեղով, այլ բնազդներով։ Պարոն Մովսիսյանը, այնուամենայնիվ, գտավ մեկ տարբերություն իշխանավորների ու կապիկների միջև. «Կապիկը, ծառից ստանալով իր կերը, ծառին վնաս չի տալիս, իսկ մեր իրականությունում անգամ դա է լղոզվել, վերացել»։ Բանախոսը սարսափելի համարեց ոչ այնքան իշխանությունների ներկա վիճակը, որքան ժողովրդի անտարբերությունը կատարվողի վերաբերյալ։ Լրագրողի այն հարցին, թե ինչ է ձեռնարկելու «Ա1+»-ը, եթե իշխանությունները շարունակեն պնդել, որ ազատ կապուղի չկա, և պետք է սպասել մինչև որևէ հեռուստաընկերության լիցենզիան սպառվի, և արդյոք այդքան կարո՞ղ են սպասել, «Մելտեքս»-ի տնօրենը պատասխանեց. «Ես պասիվ սպասողական վիճակում չեմ լինելու, շարունակելու եմ 2002-ին սկսված պայքարը` ապացուցելով նրանց ապաշնորհ վիճակը։ Իսկ պայքարելու ենք լուռ` 6 տարի լուռ ենք պայքարել, այդպես էլ շարունակելու ենք։ Վայրենի բնազդները կոչնչանան, եթե դրանց դեմ ուղեղով պայքարենք»։ Մեսրոպ Մովսիսյանն անդրադարձավ նաև «Ա1+»-ի հասցեին հնչած այն մեղադրանքին, թե իբր իրենք «դրսից մարդ են բերում հենց իրենց ծեծելու համար»։ Բանախոսն աբսուրդ համարեց այս մեղադրանքը, հստակեցնելով, որ երբ մարդն իր տանը չի գտնում իրեն անհրաժեշտ ապրանքը, գնում է խանութ` այն գնելու։ Բանախոսն անդրադարձավ նաև դատի ֆինանսական կողմին. «Ա1+»-ի անցած 6 տարվա պայքարի ճանապարհը գնահատել ընդամենը 20 հազար եվրո` մի քիչ ծիծաղելի է։ Մենք մեր կրած վնասը գնահատել ենք 1 մլն 350 հազար եվրո։ Հաշվարկը կատարել ենք եվրոպական չափանիշերին համապատասխան։ Եվրադատարանը համարել է, որ դա Հայաստանի բյուջեի համար մեծ գումար է, բայց ես բյուջեին դատի չեմ տվել և բյուջեից չեմ ուզում այդ փողերը»։
Ընդգծելով, որ եթեր վերադառնալու համար «Ա1+»-ը մինչև հունվար ժամանակ ունի, «Մելտեքսի» նախագահը հավաստիացրեց, որ շարունակելու են պայքարել։
«Հույսը երբեք չենք կորցնում»,- ասաց։

Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 9768

Մեկնաբանություններ